Ազատամարտիկները կարծում են, որ խարդախության կասկածանքով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկուսացվել է նրա ազգային, քաղաքական, հասարակական գործունեությունը սահմանափակելու նպատակով։ Նրանք այսօր՝ մարտի 11-ին, Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով նամակ են տարել նախագահի նստավայր (ֆոտոռեպորտաժ

«Դուք որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր պարտավոր եք ապահովել երկրում օրենքի գերակայությունը։ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի, եւ նա պետք է ազատ արձակվի»,- ասաված է նամակում։

Ազատամարտիկներին միացել են նաեւ 2013թ. նոյեմբերի 5-ին ձերբակալված, ապա կալանավորված Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների ընկերներն ու հարազատները, եւ բոլորը միասին քաղբանտարկյալներին ազատելու պահանջով Ազատության հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան 26։

Երթի մասնակիցները կանգ են առել Ազգային ժողովի մոտ, որտեղ ազատամարտիկ Յուրա Աթոյանը հայտարարել է, որ դա ոչ թե Ազգային ժողով է, այլ մկների ժողով, իսկ իրենք զանգ կախողներ են, որոնց թիվը գնալով մեծանալու է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am