Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցիներն արդեն մի քանի օր շրջում են քաղաքի դպրոցներում եւ հորդորում դպրոցականներին գումար փոխանցել դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար:
«Կարեն Մկրտչյանի հիվանդության բարդանալու մասին լուրն իմանալով՝ առավոտյան եկա դպրոց ու առաջարկեցի շրջել դասարաններով ու գումար հավաքել»,- ասաց նախաձեռնող, թիվ 3 միջնակարգ դպրոցի 12-դր դասարանի աշակերտուհի Աննա Ղուկասյանը:
Միայն թիվ 3 դպրոցից մեկ օրում հավաքվել է 40 հազար դրամ:
«Ով ինչքան կարող է, այնքան էլ տալիս է: Մարդ կարող է 200 դրամ փոխանցելու համար բանկ չհասնի, բայց իմանալով, որ այսպիսի նախաձեռնության կա, մեկ կոտլետի գումարը տա Կարենին»,- նշեց Աննան:
Աննան ու ընկերները եղել են նաեւ մյուս դպրոցներում, հորդորել ավագ դպրոցի աշակերտներին իրենց փոքրիկ ներդրումն ունենալ ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման հարցում: Սա առաջին դեպքն է, երբ Կապանի դպրոցականներն այսպիսի նախաձեռնությամբ են հանդես գալիս:
«Բոլոր դպրոցներում էլ պատրաստակամություն են հայտնում օգնելու, նույնիսկ ուսուցիչներն ու ծնողներն են գումար փոխանցում, իսկ աշակերտներից հավաքում է դասարանի դասղեկն ու տալիս մեզ»:
Հիշեցնենք, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903: Կարենին օգնելու նպատակով Առնո Բաբաջանյան համերգասրահում մարտի 30-ին կկազմակերպվի բարեգործական համերգ, իսկ մարտի 9-ին էլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու ՀԱԱՀ-ի վարժարանի ուսանողները անցկացրին բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում հավաքվեց մոտ 150 հազար դրամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, որը վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում է անվասայլակին, սակայն այժմ նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը:



























