Մոսկվայի կառավարությունը գնել է «Արգումենտի ի ֆակտի» թերթը: Գործարքի մասին հայտնի էր 2013թ. ամռանից:

Հաղորդվում է, որ Մոսկվայի իշխանությունները «Արգումենտի ի ֆակտի»-ի միջոցով պատրաստվում են պատմել իրենց քաղաքականության եւ քաղաքի կյանքի մասին:  Հրատարակչությունը դաշնային կմնա, այսինքն՝ կշարունակի լույս տեսնել երկրի բոլոր խոշոր քաղաքներում: Թերթի զարգացման համար նախատեսվում է հատկացնել 150 միլիոն ռուբլի, հայտնում է «Վեդոմոստին»:

«Արգումենտի ի ֆակտի»-ն գնվել  է «Մեդիա3» ընկերությունից՝ անկանխիկ փոխանցմամբ, պայմանով, որ քաղաքապետարանն իր վրա կվերցնի թերթի պարտքերը: Այժմ «Արգումենտի ի ֆակտի»-ի պարտքերը կազմում են երկու միլիարդ ռուբլի: 2013թ. եկամուտը կազմել էր 2,5 միլիարդ ռուբլի: Տարվա վերջում հրատարակչությունը «Մոսկվայի բանկից» վերցրել էր միլիարդ ռուբլու վարկ: 

Նշենք, որ 2013 թ. հուլիսին գործարքը գնահատվել է 75-120 միլիոն դոլար:

«Արգումենտի ի ֆակտի»-ն հիմնադրվել է 1978թ., այն Ռուսաստանի ամենամեծ տպաքանակ ունեցող շաբաթաթերթն է (2,1 միլիոն օրինակ տպաքանակ): «Արգումենտի ի ֆակտի»-ից բացի՝ «Մեդիա3» ընկերության կազմում են ընդգրկված նաեւ «Էքստրա Մ մեդիան» եւ «Ցենտր պլյուսը», «Էքստրա Մ»,  «Սոյուզպեչատ» Մոսկվայի  մարզային ձեռնարկություն», «Մետրոպրես» տպագրական համալիրները եւ տասնյակ մարզային ցանցեր:

Նշվում է, որ Մոսկվայի քաղաքապետարանը սկսել է մեդիաակտիվներ ձեռք բերել 2011թ.-ից: Այժմ քաղաքապետարանն ունի իր մեդիահոլդինգը՝  «Մոսկվա մեդիան», որի մեջ մտնում են «Մոսկվա 24» եւ «Դովերիե» հեռուստաալիքները, «Գովորիտ Մոսկվա» եւ Moscow FM ռադիոկայանները, «Վեչերնյայա Մոսկվա» թերթը, m24.ru կայքը եւ «Մոսկվա» տեղեկատվական գործակալությունը: 2014 թ. փետրվարին  հայտնի էր դարձել նաեւ, որ մայրաքաղաքի իշխանությունները «ՌԻԱ Նովոստիից»  գնելու են «Մոսկովսկիե նովոստի» թերթը: