Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀՇ կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաեւ Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ հանցավոր լռություն են ցուցաբերում:

Աշխարհում այսօր տեղի է ունենում բաժանարար նոր գծերի առաջացման գործընթաց, որը  սպառնում է դառնալ նոր աշխարհակարգի հիմքը: Ընդդեմ բաժանարար գծերի եւ աշխարհաքաղաքական շահերի հակադրության մշտապես հանդես եկող Հայաստանն իրականում դարձել է տարածաշրջանում ամենահոծ բաժանարար գծերից մեկի կրողը: Հայաստանը տարածաշրջանում ռուսական ռազմակայան ունեցող եւ Հավաքական անվտանգության կազմակերպությանն անդամակցող միակ պետությունն է:

Գործող անվտանգության համակարգը, որին ավելի շատ պարտադրանքի, քան սեփական շահի սպասարկման թելադրանքով մաս է կազմում մեր երկիրը, ցանկացած պահի կարող է իրական սպառնալիք դառնալ Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության համար: Ստեղծված իրավիճակում Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը մեր երկրի հանրային-քաղաքական օրակարգի առմենաառաջնային խնդիրն է համարում  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության պայմանների վերանայումը, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն ապահովող իրավապայմանագրային հիմքի վերաիմաստավորումը:

Հավատարիմ մնալով Հարավային Կովկասն անվտանգության համակարգերի համագործակցության հարթակ դարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ Հայոց Համազգային Շարժում  կուսակցությունը հրամայական է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական եւ հետեւողական խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կվերանվաճի տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականության ասպարեզում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու վտանգված իրավունքը: Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է անշրջելի հետեւանքներով հղի միջազգային գործընթացներում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, ազգային շահերը  սպասարկելու քաղաքական կամքի բացակայությունն ու անկարողությունը: 

1988 թվականին սկիզբ առած համազգային Շարժման բացառիկ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է, որն այսօր վտանգված է առավել, քան երբեւէ: Այս եւ մեր երկրի առջեւ ծառացած  այլ մարտահրավերներին դիմակայելու նպատակով Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների եւ քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ»: