Մարտի 22-ին Երեւանում կուտակային կենսաթոշակների դեմ խոշոր հանրահավաք տեղի կունենա: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր, ֆինանսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ-ում քաղաքական հայտարարությունների ժամին:

Նա նշել է, որ մարտի 7-ին ոստիկանությունը, քաղաքացիական ակտիվիստներին կարգ ու կանոնի կոչ անելով, չարաշահել է լիազորությունները: «Պարզ է, որ երիտասարդների պայքարն ու ոգեւորությունը նյարդայնացնում են իշխանություններին: Սակայն պետք է հասկանանք, որ խաղաղ ցույցի իրավունքը սահմանադրական է: Այլ է խնդիրը, որ իշխանությունը պետք է ենթարկվի դրան: Վատ է այն, որ դա չի արվում»,-ասել է Մինասյանը:

Ըստ նրա՝ երկրի ղեկավարությունը արդեն ոչ միայն հաշվի չի նստում շարքային քաղաքացիների հետ, որոնց պարտադրում է կենսաթոշակային ֆոնդերը, այլեւ՝ առանց նրանց հարցնելու պահումներ են կատարվում: Հաշվի չեն նստում նաեւ պատգամավորների հետ: Մի շարք նախարարություններին արված իր հարցումների ոչ ոք չի պատասխանել: Մինասյանը նաեւ կոչ է արել քաղաքացիներին միանալ հանրահավաքին ու պաշտպանել սեփական եկամուտներն ինքնուրույնաբար կառավարելու իրավունքը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի  1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը, որը հատկապես երիտասարդության շրջանում գնալով բողոքի մեծ ալիք է բարձրացրել: