Ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Ադրբեջանի դրսեւորած անմարդկային վարքագիծը նորից ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է մնալ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման գոտի: Այս մասին այսօր՝ մարտի 11ժ-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ հավելելով, որ Մամիկոն Խոջոյանը ենթարկվել է դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների:
«Կրկին խախտվեցին մի շարք միջազգային կոնվենցիաներ, այդ թվում` Ժնեւյան 4-րդ կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները:
Ողջ մարդկության համար վտանգավոր սպառնալիք է ատելության քարոզչությունը ռասայական, էթնիկ կամ կրոնական հիմքերով, որի գլոբալ մակարդակով կանխարգելմանն ուղղված քայլերն ու գնահատականները կարող են կանխել հակամարտությունների սրումը, ողբերգությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները:
Մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դրսեւորումների, հայերի հանդեպ ատելության քաղաքականության վերաբերյալ»,-հայտարարել է նա:
Մուրադյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլեւ շարունակաբար նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները:
«Ես հույսով եմ, որ ինձ կմիանան քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչները՝ ՀՀ Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից կոչ անելու ՀՀ քաղաքացու խոշտանգման փաստը դարձնել միջազգային հանրության լայն քննարկման առարկա, ներկայացնել այն ողջ աշխարհին և օբյեկտիվորեն գնահատել Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարած անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ:
«Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք եւս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը:
Մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների ներկայիս ժամանակաշրջանում մարդու իրավունքները կարեւորվում են ավելի քան երբեւէ, սակայն միեւնույն ժամանակ խախտվում են ոչ պակաս, քան նախկինում»,-հայտարարել է նա:



























