Հայաստանի ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող փոխել ներկայիս ապօրինի իշխանությունը, մարտի 11-ին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ նրա՝ կառավարության մեխանիկական փոփոխությունը արմատական փոփոխություններ չի խոստանում: «Նոր կառավարությունը չի կարող ավելի արդյունավետ աշխատել քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, երբ մարդկանց մի խումբ պարբերաբար զավթում է իշխանությունը եւ կամքը թելադրում ողջ ժողովրդին», - ընդգծել է Դեմիրճյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական կուսակցությունների համատեղ ջանքերը, այլեւ հասարակական-քաղաքական լայն շերտերինը: Իսկ օրինական իշխանության ձեւավորումը կամրապնդի վաղվա օրվա նկատմամբ մարդկանց հավատը եւ կապահովի երկրի կայուն զարգացումը: Դեմիրճյանը նշել է, որ գործող կառավարության հրաժարականն անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ: «Պետք է կյանքի կոչել Սահմանադրության երկրորդ հոդվածը՝ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով», - նշել է պատգամավորը:



























