Եվրոպան այլեւս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության:  Այդ մասին այսօր՝ մարտի 11-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, թե օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Սերժ Սարգսյանը եւ հստակ ազդակներ հղեց թե ԵԺԿ-ին, եւ թե միջազգային հանրությանը:

Ըստ Շարմազանովի, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձեւավորմանը եւ շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

«Երկրորդ, Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիան շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել Հայաստանը` իրականացնելով ժխտողականության քաղաքականություն եւ անտեսելով հայրենազրկված հայ ժողովրդի պահանջը:

Երրորդ, Եվրոպան այլեւս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության, իսկ չլռելու մի ձեւ կա` հիշել, դատապարտել եւ պահանջել:

Չորրորդ, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանը շարունակում է ֆաշիզմի եւ հայատյացության քաղաքականությունը, որը չի կարող ընդունելի լինել եվրոպական արժեհամակարգի համար:

Հինգերորդ, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի, Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: «Արդեն իսկ առաջանցիկ տեմպեր են արձանագրվել: Մաքսային միության գործընկերների գնահատմամբ` Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին»,- ասել է ԱԺ փոխնախագահը: