Բնապահպանության նախարարությունում անցկացված հերթական  խորհրդակցության ընթացքում քննարկվել է Արարատյան հարթավայրի խորքային ապօրինի հորերի լուծարման եւ կոնսերվացման գործընթացը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվել է համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման եւ ըստ նպատակային օգտագործման դասակարգման աշխատանքները: Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարելով սեղմ ժամկետներում  ավարտել Արմավիրի մարզի համայնքային պատկանելության խորքային հորերի հաշվառման գործընթացը՝ շեշտել է, որ պետք է  հատուկ ուշադրություն դարձվի նրանց ծագմանը եւ պարզվի՝ արդյոք դրանք ունեցել են համապատասխան  թուլտվություններ, որոնք տրվել են մինչեւ 2002թ-ին ՀՀ ջրային օրենսգրքի ընդունումը:

Համապատասխան ստորաբաժանումների առաջ խնդիր է դրվել խստագույնս հետեւել կոնսերվացման եւ լուծարման աշխատանքների ընթացքին` կազմակերպելով դրանք առավել որակով եւ օպերատիվ: Ստուգումների իրականացմանը տարբեր տնտեսվարողների կողմից խոչընդոտներ ստեղծելու դեպքերը բացառելու նպատակով պատասխանատուներին հանձնարարվել է մշակել եւ ներկայացնել իրավական լուծումների փաթեթ՝ անձնական հսկողության տակ պահելով անցկացվող ստուգումների օրինական ընթացքը, եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել նոր ստուգումներ բացելու առաջարկություններ:

Որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել երկու մարզերի համայնքներում բոլոր ՋՕԸ-ների («Երեւան ջուր», «Հայջրմուղկոյուղի» եւ այլ) խորքային հորերի ներկա վիճակի օբյեկտիվ պատկերը ձեւավորելու եւ դրանք առաջնահերթ փականային ռեժիմի բերելու համար: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կարեւորվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ  տարվող աշխատանքների եւ երկու կառույցների առջեւ դրված խնդիրների համադրումը:

ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է արագացված ռեժիմով ուսումնասիրել  եւ ընթացք տալ Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի ձախակողմյան ճյուղից ջրառ իրականցնող բոլոր ջրօգտագործողների հայտերը:

Որոշում է ընդունվել ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել հորերի շահագործման հանձնման ակտի գաղափարի կիրառման իրավական կարգավորման վերաբերյալ: