Հայաստանում քաղաքաան գործիչների թվում մոլորություն է տարածված, որ Ղրիմի հանրաքվեն կարող է նախադեպ հանդիսանալ Ղարաբաղի համար, սակայն դա այդպես չէ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ու մըստ միջազգային նորմերի:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը աշխարհաքաղաքական շահերի բախում է ու Ղրիմի բնակչությունը ինքնորոշման հարցում կոնսենսուսի է եկել, ինչպես որ դա եղել է Ղարաբաղի դեպքում: Միջազգային իրավական սուբյեկտները արդեն Ղրիմում տեղի ունեցողը կոչում են անընդունելի, հետեւաբար, դրանից ելնելով՝ Ղրիմը Ղարաբաղի համար նախադեպ համարել չի կարելի:
«Ուկրաինական իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ռուսաստանը կմեկուսացվի միջազգային հանրությունից, ինչը ռուսական տնտեսության համար անդառնալի հետեւանքների կհանգեցնի, ինչպես նաեւ կանդրադառնա ՄՄ անդամ-պետութունների վրա: Ծանր տնտեսական պայմանների դեպքում, ղարաբաղյան խնդրի առկայությամբ, Հայաստանը միջազգային ինքնամեկուսացման իրավունք չունի: Հայաստանի իշխանությունները պետք է վերականգնեն ԵՄ հետ հարաբերությունները՝ փոխանակ ՄՄ-ին անդամակցելու»,-եզրափակել է Քոքոբելյանը:



























