Մարտի 1-ի հարցում Հայաստանի իշխանություններն անխիղճ եւ անգրագետ են պահել իրենց: Այդ մասին այսօր՝ մարտի 11-ին Ազգային Ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա խոսքով, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հրաժարումը միայն մեկ օղակ է ողջ շղթայում:
Մարտի 1-ի սպանությունները, ըստ Ջհանգիրյանի, առ այսօր բացահայտված չեն: «Կոծկել ու պարտակել են իրադարձությունների բուն մասնակիցներին, մեղավորներին ու պատասխանատուներին: Խոչնդոտել ու խանգարել են միջազգային կառույցների ճնշման արդյունքում ստեղծված փաստահավաք խմբի աշխատանքներին, անտեսել վերջինիս կազմած բոլոր զեկույցները ի վերջո լուծարել փաստահավաք խումբը»,- նշել է նա:
Պատգամավորի խոսքով, դատարաններն այդ ընթացքում, շինծու մեղադրանքներով դատել ու դատապարտել են 90 քաղաքացու, կալանավորել երկու անգամ ավելի մեծ թվով անձանց, մերժել են Մարտի 1-2-ի զոհերի իրավահաջորդների անխտիր բոլոր հայցերը իրավապահ մարմինների անգործությունը վիճարկելու, կյանքի իրավունքի խախտումները ճանաչելու եւ համապատասխան փոխհատուցում տալու վերաբերյալ, գլխավոր դատախազի իրավաբանորեն անգրագետ մեկ միջնորդությամբ իր չորս պատգամավորներին երկու ժամվա ընթացքում հանձնել է դատական հաշվեհարդարի: Նա նշել է, որ Հայաստանը մոտ 10 տարի չի վավերացրել նիստերի փոքր օրակարգ ընդգրկված 1983թ Ստրասբուրգի «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու մասին» կոնվենցիան:
Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իշխանությունն ուժ կիրառեց, որի հետեւանքով զոհվեցին 8 ցուցարար եւ ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց մահվան համար մինչեւ հիմա ոչ ոք չի պատժվել:



























