Կամ հանդես եկեք որպես ընդդիմություն կամ հեռացեք. մարդկանց մտքերը մի պղտորեք, Լեւոն Տեր Պետրոսյանին էլ հետ մի կանչեք: Մարտի 12-ին Ազգային ժողովի դիմաց  այսպիսի կոչ արեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

«Ի՞նչ ա նշանակում ոչ իշխանական կուսակցություն: Ձեզ այլընտրանք եք կոչել, ոչ իշխանական կոալիցիա։ Կամ ընդդիմություն եք, կամ չէ: Պաս եք տալիս իրար, թենիսիստներ եք դարձել: Մի հատ էլ կանչել եք Լեւոն անտեր Պետրոսյանին, այսինքն ժողովրդին ա անտեր սարքել, ու մի հատ էլ միանում եք, ո՞ւմ հետ եք միանում, ո՞ւր եք միանում»,- վրդովված ասաց Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական խորհրդարանական ուժերի համագործակցությանը։

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները միայն իրենց գրպանի մասին են մտածում.

«Մենք այնքան էլ անտեր չենք, քանի դեռ ունենք Վոլոդյա Ավետիսյան, Շանթ Հարությունյան եւ բազմաթիվ այլ տղաներ: Դուք ձեր մասին մտածեք, բայց ոչ այնպես, ինչպես հիմա եք մտածում՝ ձեր գրպանները լցնելով. թե այս ՀԷԿ-ը ումն ա լինելու, այն հանքը ումն ա լինելու, էդ ձեւ եք ժողովուրդ պահում»,- բողոքում էր Սարուխանյանը:

Վոլոդյա Ավետիսյանին անմեղ ճանաչելու եւ ազատ արձակելու պահանջով նամակը ազատամարտիկները հանձնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին։