Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի տարբեր կողմեր եւ դրա արագ կարգավորման եղանակները մարտի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնկրետ առաջարկությունների վերաբերյալ այդ երկրում քաղաքացիական խաղաղության եւ համաձայնության ապահովման համար: Ռուսական կողմն ընդգծում էր անհրաժեշտությունը լիարժեքորեն հաշվի առնել բոլոր ուկրաինացիների եւ բոլոր շրջանների շահերը ճգնաժամից դուրս գալու ելքի որոնման ժամանակ, ինչպես նաեւ հարգել Ղրիմի բնակիչների իրավունքն ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաեւ, որ Լավրովն ու Քերին պայմանավորվել են շարունակել սերտ խորհրդատվություններն ուկրաինական խնդիրների վերաբերյալ:



























