Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն ԱՄՆ-ում կասկածվել է ոչ միայն թմրամիջոցների, այլեւ՝ գողության, կողոպուտի ու փաստաթղթերի կեղծման համար: Դավիթ Վարդանյանի ամերիկյան բավական ուշագրավ քրեական անցյալից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստինֆո» գործակալությանը:
Աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին ԱՄՆ-ից արտաքսվել է հատկապես այս փաստերի ի հայտ գալու հետեւանքով: Դրանցից առաջինը ԱՄՆ քաղաքացու կեղծ անձնագիր ունենալն է:
Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռեւս Գյումրիում, թերեւս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը` 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված` ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը:
Իսկ 2000թ., երբ լրացել է Դավիթ Վարդանյանի 16 տարին, նա Գյումրի քաղաքի անձնագրային բաժնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Ավելի ուշ՝զորակոչի տարիքը լրանալուց հետո, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` ժամկետային ծառայությունից խուսափելու համար:
Հավելենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից Դավիթ Վարդանյանը նախկինում կասկածվել է նաեւ թմրամիջոցների ապօրինի տնօրինման, գողության ու կողոպուտի համար:
Հիշեցնենք՝ նախարարի որդին մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, Իրանի Իսլամական Հանրապետությունում գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:31-ի դրությամբ, մաքսանենգ ճանապարհով, մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ NEWS.am-ի



























