Երեւանի Լենինգրադյան 4 շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 11-ին, շենքի բակում խմելու ջրի մաշված խողովակից ջրի զգալի արտահոսք նկատելով՝ ահազանգել են «ԵրեւանՋուր», սակայն նրանց պատասխանել են, որ աշխատանքային օրվա ավարտի և հերթապահող բրիգադի բացակայության պատճառով մինչև առավոտյան ոչինչ չեն կարող անել: Բնակիչները խուճապի մեջ են, քանի որ խողովակը գտնվում է հողի մեջ, որտեղից հոսող ջուրն այժմ լցվում է շենքի տակ:

«Այսօր անցնելուց պատահաբար ձայն լսեցի: Կասկած առաջացրեց մոտս, քանի որ փակ ու խոր տարածքում է խողովակը՝ պետք է, որ ձայն չգար: Շենքի բնակիչներով հավաքվեցինք, բացեցինք ու տեսանք, որ խողովակը տրաքել է: Զանգեցինք Արտակարգ իրավիճակների նախարարություն, ասացինք, որ այսպիսի բան է եղել, նրանք էլ երևի զանգեցին, ջրմուղում տեղեկացրին: Ջրմուղից զանգեցին մեզ, ասեցին՝ բա գիտեք ինչն ա խնդիրը, մեր աշխատանքային ժամը վերջացել է, ու մենք հերթապահող բրիգադ չունենք: Ամենացավալին էլ հենց սա է, որ այս երեք միլիոնանոց բնակչությամբ երկրում ջրմուղը հերթապահող բրիգադ չունի, որ շտապ վթարների դեպքում գան ու վերանորոգեն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն զանգահարած բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Նա ասաց, որ շենքի բնակիչների գլխավոր մտավախությունն այն է, որ իրենց ոչ վթարային շենքը պատասխանատուների անտարբերության հետևանքով շուտով կարող է դառնալ վթարային: