Հայաստան սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանին չի հետաքրքրում, թե իր պաշտպանյալն ԱՄՆ-ում ինչով է զբաղվել՝ պատճառաբանելով, թե դա քրեական գործի շրջանակում չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե Դավիթ Վարդանյանն ԱՄՆ-ում կասկածվել է կողոպուտի եւ փաստաթղթերի կեղծման համար:

«Ես տեղեկություն չունեմ: Ես իրեն նման բաներ չեմ հարցրել: Ես ի՞նչ իմանամ՝ ինքը 10-րդ դասարանում ում գլուխն է ջարդել կամ չի ջարդել: Դա այս քրեական գործից դուրս է: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է արել Գանայում կամ Բուրկինա Ֆասոյում: Կարեւորն այն է, թե Հայաստանում ինչ է արել, իսկ այստեղ իրավապահ մարմինների ձեռքում երբեք չի հայտնվել»,- ասաց նա:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ այսօր է խոսել իր պաշտպանյալի հետ: Հարցից, թե ինչպես է զգում Դավիթ Վարդանյանը, Վահան Հայրապետյանը բարկացավ. «Էսօր եմ հետը խոսել: Ո՞նց կարող է զգալ մարդ 6 ամիս կալանավայրում լինելով: Դուք հլը 10 օր գնացեք ու մնացեք, տեսնեմ՝ կդիմանաք»:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանի ամերիկյան բավական ուշագրավ քրեական անցյալից որոշ մանրամասներ էին հայտնի դարձել «Փաստինֆո» գործակալությանը:

Աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին ԱՄՆ-ից արտաքսվել է հատկապես այս փաստերի ի հայտ գալու հետեւանքով: Դրանցից առաջինը ԱՄՆ քաղաքացու կեղծ անձնագիր ունենալն է:  

Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռեւս Գյումրիում, թերեւս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը` 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված` ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը:  

Իսկ 2000թ., երբ լրացել է Դավիթ Վարդանյանի 16 տարին, նա Գյումրի քաղաքի անձնագրային բաժնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Ավելի ուշ՝զորակոչի տարիքը լրանալուց հետո, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` ժամկետային ծառայությունից խուսափելու համար:  

Հավելենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից Դավիթ Վարդանյանը նախկինում կասկածվել է նաեւ թմրամիջոցների ապօրինի տնօրինման, գողության ու կողոպուտի համար:

Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար։ Հերթական դատական նիստը կկայանա մարտի 13-ին: