Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է ԵՄ ավելի կոշտ պատժամիջոցներ ընդունելու Ռուսաստանի դեմ: Իր հայտարարությունը նա արել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամների նիստի ընթացքում, հաղորդում է Stern պարբերականը՝ վկայակոչելով հանդիպման մասնակիցներին:

Մերկելի կարծիքով,  Ռուսաստանի գործողությունները հակասում են հետպատերազմյան իրողություններին: «Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները անեքսիա են, դրանք հենց այնպես թողնել չի կարելի»,- ասել է Մերկելը:

Կուսակիցները նրա ելույթը զգացմունքային են համարել: Եթե պատժամիջոցներն ընդունվեն, հարկավոր է պատրաստվել նաեւ դրանց հետեւանքներին Գերմանիայի համար: Ռուսաստանի հետ երկխոսությունն ամբողջությամբ դադարեցնել չարժե, ասվել է նիստում, բայց կարեւոր է, որ եվրոպական երկրները միավորվեն: