Բեռլինի Charite կլինիկայի բժիշկները իրականացրել են առաջին օպերատիվ միջամտությունը՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ:

Ինչպես ահղորդում է Lb.ua-ն, այդ մասին Կիեւում լրագրողներին հայտնել է նյարդավիրաբույժ, Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Նիկոլայ Պոլիշչուկը: Նա չի բացառել, որ միջամտությունը հարկ լինի կրկնել, եւ միայն դրանից հետո որոշել՝ հարկավոր է վիրահատություն, թե ոչ: «Այդ գործողությունը, հիվանդության սուր փուլում, թույլ է տալիս հիվանդին 3-4 ժամ անց բարձրանալ սայլակից եւ նետել հենակները»,- ասել է Պոլիշչուկը:

Օրգանիզմի վերականգնման գործընթացը դրանից հետո կարող է տեւել մինչեւ երկու շաբաթ: «Դա կարող է լինել ինչպես ստացիոնար, այլպես էլ ամբուլատոր: Քրոնիկ ձեւում կարող է ձգվել: Սակայն իմ տվյալների համաձայն, կարելի է ասել, որ գործընթացը հաջող է եղել»,- նշել է նա:

Բժիշկը հայտնել է, թե Տիմոշենկոն Բեռլինում բուժվում է իր ընտանիքի հաշվին: