Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է հեշտացնել քաղաքացիության տրամադրումը ռուսերենի կրողների համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, համապատասխան օրինագիծն ընդունվել է Պետդումա:
Ընդ որում, լեզվի կրողները, որոնք հավակնում են ՌԴ քաղաքացիություն ստանալ, պետք է հրաժարվեն օտարերկրյա քաղաքացիությունից: Լեզվի իմացությունը պարզելու է հատուկ հանձնաժողովը հարցազրույցի հիման վրա:
Անձանց այդ խումբը կարող է կեցության իրավունք ստանալ՝ շրջանցելով ժամանակավոր կեցության նախնական փուլի համար անհրաժեշտ մեկ տարին:
Չարաշահման դեպքերը բացառելու համար կեցության իրավունքը չեղյալ կհայտարարվի, եթե երկու տարի անց անձինք ՌԴ քաղաքացիություն ընդունելու հայտ չներկայացնեն:
Ռուսերենին տիրապետողների հայտերը քննարկվելու են հեշտացված կարգով, երեք ամսվա ընթացքում:
Առաջարկվում է նաեւ վեցից երեք ամիս կրճատել «Հայրենակիցներ» ծրագրով ՌԴ ապրելու տեղափոխվածների հայտերի քննարկման ժամկետը:



























