Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, այցը ձգվելու է մարտի 12-13-ը: Այդ մասին հաղորդում է Цензор.НЕТ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը:

Մարտի 12-ին Յացենյուկը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նախատեսված են հանդիպումներ Կոնգրեսում, նաեւ ԱՄՀ եւ ՀԲ ղեկավարության հետ: Մարտի 13-ին Յացենյուկը ելույթ կունենա Նյու Յորքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ քննարկվել է Ուկրաինայի հարցը:

Յացենյուկի պատվիրակությունը հրաժարվել է չարտերային թռիչքից եւ մեկնել չվերթային ինքնաթիռով, իսկ ինքնաթիռ նստելու համար պատվիրակությունն անցել է ընդհանուր սրահով: Դեպի վաշինգթոն տոմսերը Յացենյուկն անձամբ է գնել: Ավելի վաղ նա հայտնել էր բյուջետային միջոցների կոշտ տնտեսման մասին: