«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «1988 թվականի հուլիսի 5-ին Երեւանում տեղի էին ունենում դրամատիկ իրադարձություններ։ Խորհրդային զորքերը մտցվել էին Երեւան, եւ փորձ էր արվում ուժային մեթոդներով ճնշել Համազգային շարժումը։ Խորհրդային իշխանությունը որոշել էր վերահսկողության տակ վերցնել «Զվարթնոց» օդանավակայանը։ «Զվարթնոցի» աշխատակիցները դիմադրում էին, որովհետեւ հասկանում էին, որ դրանով Հայաստանը կզրկվի կարեւոր արտաքին կոմունիկացիայից։ Այս վիճակում Համազգային շարժումը երթով շարժվեց դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս փակումը թույլ չտալու համար։ Երթի ընթացքում, դեպի օդանավակայան տանող Փարաքարի հայտնի խաչմերուկում Սովետական սպայի կրակոցից զոհվեց 22-ամյա լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանը, ով համարվում է Ղարաբաղյան շարժման առաջին երեւանցի զոհը։ Մեկ տարի անց Զաքարյանի զոհվելու վայրում նրա հիշատակին նվիրված համեստ ցայտաղբյուր բացվեց։ Տարիներ առաջ, սակայն, այդ ցայտաղբյուրը ջարդվել է, եւ այս փաստը մինչեւ հիմա որեւէ ուշադրության չի արժանացել։ Մի՞թե այն պատճառով, որ 1988 թվականի շարժման գաղափարները մեր օրերում այլեւս արդիական չեն։ Չենք ուզում հավատալ սրան։ Համենայն դեպս, Փարաքարի գյուղապետը խոստացել է, որ առաջիկայում ցայտաղբյուրը կվերականգնվի»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























