Կիեւը մտադիր չէ զորքեր մտցնելլ ՂԻՀ տարածք, Agence France-Presse-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։
Ըստ նրա՝ եթե Կիեւը Ղրիմում ռազմական գործողություն սկսելու որոշում կայացնի, Ռուսաստանի հետ արեւելյան սահմանը պաշտպանված չի լինի։ Նա պնդում է, որ ռուսական կողմը սահմանին է մոտեցրել տանկեր՝ Կիեւին հրահրելով զորքեր մտցնել։
«Մենք չենք պատրաստվում հետեւել Կրեմլի հորինած սցենարին», — ընդգծել է Տուրչինովը։ Տուրչինովը նախազգուշացրել է, որ Ղրիմի տարածքում ուկրաինացի զինվորականների վրա Ռուսաստանի հարձակվելու դեպքում կհետեւի բանակի պատասխան արձագանքը։
Տուրչինովը նաեւ ափսոսանք է հայտնել հակամարտության դիվանագիտական լուծումից Ռուսաստանի հրաժարվելու համար։ Նա կարծում է, որ «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է Ռուսաստանին պարտադրեն դադարեցնել ռազմական ագրեսիան եւ Ուկրաինայի նկատմամբ սադրանքը»։
Ղրիկմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա մարտի 16-ին, Տուրչինովն անվանել է «կեղծիք», հայտարարելով, որ քվեարկությունը տեղի է ունենալու ոչ թե Ղրիմում, այլ Կրեմլի աշխատասենյակներում, իսկ ռուսական զինված ուժերը կկեղծեն հանրաքվեի արդյունքները, հայտնում է «Պրեսա Ուկրաինի»-ն։



























