Ապարդյուն որոնումների հինգերորդ օրվա առավոտյան Մալայզիայի թագավորական ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ռոդզալի Դաուդը հերքել է այն տեղեկատվությունը, թե Malaysia Airlines (MAS) ավիաընկերության կորած MH370 չվերթի օդանավը նկատվել է Մալաքայի նեղուցում:
Դաուդը «սուտ եւ սխալ է անվանել» Մալայզիայի լրատվամիջոցների այն լուրերը, թե կորած օդանավը Մալայզիայի թագավորական ռազմածովային ուժերի ռադարներին նկատվել էր Մալաքայի թերակղզու արեւմտյան ափին:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ոչ մի նման հայտարարություն չեմ արել», - մեկնաբանել է Դաուդը:
Մալայզիայի իշխանություններն ընդլայնել են կորած օդանավի որոնումները՝ մինչեւ Անդամանյան ծով:
Չինաստանի Ռազմաօդային ուժերը եւս երկու օդանավ կտրամադրեն որոնումների համար:
Հիշեցնենք, որ Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող Malaysia Airlines-ի Boeing 777-200 օդանավը 227 ուղեւորով ու անձնակազմի 12 անդամներով հանդերձ, անհետացել է ռադարների էկրաններից տեղի ժամանակով 02:40-ին:
Malaysia Airlines-ի տվյալով՝ անհետացած ինքնաթիռում կար 154 ուղեւոր ՉԺՀ-ից եւ Թայվանից, 38-ը Մալազիայից, 7-ն՝ Ինդոնեզիայից, վեց ավստրալիացի, հինգ հնդիկ, չորս ֆրանսիացի, ԱՄՆ-ի երեք քաղաքացի, երկուական նորզելանդացի, ուկրաինացի եւ կանադացի, մեկական բնակիչ Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ Ավստրիայից: Հետագայում պարզվել էր, որ որոշ քաղաքացիներ կեղծ անձնագրերով են գտնվել օդանավում, նրանք են՝ 19 եւ 29 տարեկան իրանցիներ:



























