Տիեզերական սարքերի անհաջող չապահովագրված մեկնարկների պատճառով Ռուսաստանը կրել է ավելի քան 20 մլրդ ռուբլի չափով վնաս: Այս մասին ասվում է Ավիատիեզերական ապահովագրողների ռուսական ասոցիացիայի պատասխանում՝ ուղղված Կրեմլի վերահսկիչ-ռեվիզիոն վարչությանը, փոխանցում է «Վեդոմոստին»:

Ինչպես հաղորդվում է, վերջին չորս տարիների ընթացքում դեպի տիեզերք 100 մեկնարկ է իրականացվել, որոնցից վեցը համարվում են «անհաջող» կամ «վթարային», ըստ որում՝ դրանցից բոլորն էլ ապահովագրված չեն եղել, վկայում է Ռոսկոսմոսի ու ասոցիացիայի վիճակագրությունը:

Ավելի վաղ գերատեսչությունը հարկավոր էր համարում ապահովագրել միայն «եզակի» արբանյակները, այլ ոչ սերիականները: Սակայն սերիական տեխնիկան, այդ թվում՝ հրթիռ-կրիչները, այնքան էլ հուսալի չեն:

Ինչպես նշվում է, վերջին տարիների տիեզերական վթարների հիմնական պատճառներից են մարդկային գործոնը, տիեզերական տեխնիկայի արտադրության ոչ բավարար վերահսկողությունը, այդ թվում՝ սարքերի հավաքման ժամանակ թույլ տված սխալները ու գործարանային քիչ թվով փորձարկումները:

Իրավիճակը պետք է շտկվի տիեզերական ռիսկերի ապահովագրման մասինօրենքի շնորհիվ, որը վարչապետ Մեդվեդեւը հանձնարարել է մշակել նախորդ տարվա հուլիսին «Պրոտոնի» կործանումից հետո: