Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասաության դատարանում, նստավայրը՝ Աբովյան, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 14.00-ին, կկայանա Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը, որը կհետաձգվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Այսօր «Դատապարտյալների հիվանդանոցից» Վարդան Պետրոսյանին կտեղափոխեն Աբովյանի դատարան՝ մասնակցելու առաջին նիստին: Նա նշեց, որ դատական նիստին կներկայացվի իր դիմումը՝ նիստը հետաձգելու մասով եւ այն կհետաձգեն: Գործի շրջանակներում Վարդան Պետրոսյանի ընտանիքի ցանկությամբ կներգրավվեն երկու ֆրանսիացի փաստաբան, ովքեր Հայաստան են ժամանելու մարտի 26-ին: Հավանաբար առաջին դատական նիստն էլ կկայանա մինչեւ մարտի վերջ:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ եւ բացարձակապես չի միջամտում Պետրոսյանների եւ Հակոբյանների ընտանիքի բանակցություններին:  «Ես շահագրգռված եմ, որ հաշտությունը կայանա: Հաշտությունը երկկողմանի փոխզիջում է, այն չի կարող լինել միակողմանի, երկու կողմին էլ ձեռնտու տարբերակ է դառնում: Հաշտության ժամանակ չի քննարկվում մեղավոր, անմեղ կողմեր, քննարկվում է՝ ոնց փոխհատուցում տալ տուժողներին: Ես հաշտության եզրերը չեմ տեսնում, պետք է իրենց կողմից փաստաբանը միջամտի, որ ձեւակերպվի եւ փոխզիջման ճանապարհով գնան հաշտության»,- նշեց փաստաբանը:

Հարցին, թե եթե վստահ եք, որ Վարդան Պետրոսյանը անմեղ է, ինչու եք գնում հաշտության, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դա ընդամենը խղճի, բարոյականության խնդիր է, ոչ թե իրավական կատեգորիա:

«Իրենց հաշտության արդյունքում Վարդանը դատավարական առումով ոչ մի օգուտ չի ունենա, ոչ մի բարենսպաստ վիճակ չի ստեղծվում իր համար, այսինքն՝ հաշտությունը իրավական տեսանկյունից ոչինչ չի տա, դա բարոյականության տեսանկյունից է կարեւոր»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: