Ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
Նա նշեց, որ երբ կարգավորվի Խոջոյանի արյան ցուցանիշները եւ ընդհանուր վիճակը, այդ ժամանակ էլ կվիրահատեն: Կարեն Մանուկյանն ասաց, որ ադրեբաջանական գերությունից ազատված հայ ծերունու հիշողությունը չի վերականգնվել: «Հազիվ կոնտակտի մեջ է մտնում, գիտակցություն ունի, բայց ադեկվատ չի, դժվարությամբ է խոսում»,- նշեց բժիշկը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նրան չեն վիրահատի, դեռ բուժում է ստանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։



























