Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի համակարգերի ինստիտուտի գիտնականները նեմատոդ որդի ինտելեկտի մոդել են ստեղծել, որի հիման վրա այլ օրգանիզմների, այդ թվում՝ մարդու, արհեստական ինտելեկտ կստեղծեն:

Գիտնականներից 5 տարի է պահանջվել առավել ուսումնասիրված բազմաբջիջ օրգանիզմի՝ նեմատոդ որդի համակարգչային մոդելը ստեղծելու համար: Արդեն կա մկանների կծկումները վերահսկող նյարդային հանգույցների մոդելի առաջին տարբերակը:

«Այդ մոդելն էլ կլինի առաջին վիրտուալ արհեստական օրգանիզմը,  նույնիսկ կարելի է ասել՝ արհեստական ինտելեկտ, քանի որ այն ամբողջությամբ պատճենում է կենդանի օրգանիզմի պահվածքը,  «ընկալում» աշխարհը կենդանու նման…  այն բացահայտումները, որոնք արդեն արվել կամ արվելու են, հիմք կստեղծեն ավելի բարդ օրգանիզմների համակարգերը ուսումնասիրելու համար, այդ թվում նաեւ՝ մարդու», - նշել է ՌԳԱ-ի ինֆորմատիկայի համակարգերի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սերգեյ Խայրուլինը:

Գիտնականը նշել է, որ այժմ ուսումնասիրողները պետք է մոդելը համալրեն որդի նյարդային համակարգով եւ ստեղծեն օրգանիզմի սենսորային համակարգի մոդել: Դա կտեւի երկու տարի: Խայրուլինը նշել է, որ յուրաքանչյուր նեմատոդ ունի հազարավոր բջիջներ, որոնցից 302-ը նեյրոններ են: Մարդկային ուղեղը բաղկացած է 80 միլիարդ նեյրոններից:

Ըստ գործակալության զրուցակցի՝ ներկայումս ստացվել են որդի նյարդային համակարգի ոչ բոլոր տվյալները, այդ պատճառով էլ հետազոտությունները շարունակվում են: Նովոսիբիրսկի գիտնականները համագործակցում են Անգլիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի գիտական ինստիտուտների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: