Մոսկվայի Բասմանի դատարանը մարտի 12-ին արտոնել է ուկրաինական «Աջ հատվածի» առաջնորդի հեռակա կալանավորումը՝ ահաբեկչության կոչեր հնչեցնելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում:

Ռուսական հետաքննության տվյալով՝ Յարոշը օգնության խնդրանքով դիմել է չեչենների ահաբեկչական խմբավորման ղեկավար Դոկու Ումարովին՝ այդ մասին գրելով Վկոնտակտե սոցցանցի էջում:

Ըստ քննության՝ իր ելույթներում Յարոշը հակառուսական ուժերին ՌԴ տարածքում ծայրահեղական գործողությունների եւ ահաբեկչության կոչ է անում: Այս կապակցությամբ  Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի միջնորդությունը նրա հեռակա կալանավորման վերաբերյալ:

Յարոշի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այդ որոշումը:

«Նիստի ընթացքում ես ասացի, որ, առանց Յարոշին պատշաճ ծանուցելու, տվյալ միջնորդության քննարկումը օրենքի խախտում է, քննությունն օգտագործել է ծանուցման ոչ բոլոր հնարավոր միջոցները», - ասել է փաստաբան Ալեքսանդր Ֆոմինը: Նա հավելել է, որ ենթադրում է, թե Յարոշը տեղյակ է եղել Բասմանի դատարանի նշանակած լսումների մասին, «սակայն պատշաճ, պաշտոնական ծանուցում չի եղել»:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Դմիտրի Յարոշին արտասահմանյան պետության չի հանձնի:

Հիշեցնենք, որ կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել էր, որ մեծ քաղաքականություն է մտնում. Կազմակերպությունը վերափոխվում է կուսակցության, որը մասնակցելու է ընտրություններին, իսկ դրա առաջնորդ Դմիտրի Յարոշն առաջադրվում է Ուկրաինայի նախագահի թեկնածու: