Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին,  ով համակարգում է կառույցի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների եւ ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաեւ մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները եւ պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով:  Նախանշվում է աշխատանքային խմբերի ձեւաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչեւ 2014 թ. մարտի վերջ:

Տիմուր Սուլեյմանովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության եւ աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: