«Տոնուս» ՍՊԸ-ի գործունեւությունից տուժած քաղաքացիները, որոնք այսօր՝ մարտի 12-ին, հավաքվել էին նախագահի առանձնատան դիմաց՝  Սերժ Սարգսյանին ներկայացնելու իրենց խնդիրը, այդպես էլ նախագահին չտեսան։ Առավոտյան ժամը  8։30-ից խաբված բնակարանատերերը՝ մոտ 20 մարդ, կանգնել էին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում, քանի որ տեղեկացել էին, որ նախագահն այդ ժամին է աշխատանքի գնում։

«Միակ մեր հույսն էսօր Սերժ Սարգսյանն ա, բոլորին դիմեցինք, ոչ մի կայուն պատասխան չստացանք: Ժողովուրդը ուզում է ապրել ուրեմն նախագահն էլ պետք է ամեն հարցի լուծում տա, որ այս մարդիկ ապրելու հույսեր ունենան: Տասը տարի է՝ պայքարում ենք, չգիտենք՝ ով կերավ էդ փողերը, ինչ ուղղությամբ գնաց: Բա շենքը գրավի տակ դնի՝ բանկին տա, բանկն էլ էսօր բնակիչների տանի բերի, հեքիաթներ պատմի՞: Հոգնեցինք, մենք հասուն մարդիկ ենք, երեխաներ հո չենք»,- NEWS.am-ի թղթակցի զրույցում ասաց Զոյա Պետրոսյանը, որը մեկն է այն 150  բնակիչներից, որոնք 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» ՍՊԸ-ի հետ հետ, որպեսզի Դավիթաշեն համայնքի նորակառույցում բնակարաններ ստանան։ Ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ:

Տիկին Զոյան վստահ էր, որ երբ նախագահ իրենց տեսնի, դուրս կգա եւ կզրուցի իրենց հետ, կլսի խնդիրները:

« Ինձ չի թվում, որ նախագահը տեսնի ժողովրդին ու չմոտենա:Եթե հասել ենք այստեղ, պիտի բարի լինի, հարգի ժողովրդին: Ինչի՞ պիտի էս տարիքի կանայք առավոտ շուտ գան, փողոցը կտրեն, նախագահին բարլուս ասեն, ասեն հարգելի նախագահ՝ մեր հարցին լուծում տուր»,- վրդովված ասաց Զոյա Պետրոսյանը:

Մոտ 10:00-ին բնակիչներին մոտեցավ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով մի փոքր զրուցեց բնակիչների հետ, հետո առաջարկեց, որպեսզի հեռանան նախագահի առանձնատան մոտից:

«Ես առաջարկում եմ՝ դուք հիմա գնաք ձեր գործին, կես ժամից ես 5-10 հոգու կընդունեմ: Դուք միշտ կհասցնեք, չէ՞, գալ ստեղ կանգնել, Ձեր խնդիրը այստեղ կանգնե՞լն ա, թե՞ այն, որ խնդիրը լուծվի: Դուք կարաք, չէ՞, վաղն էլ գաք, կանգնեք, մյուս օրն էլ գաք, կանգնեք, միշտ կհասցնեք գալ: Բայց ասեմ, ով մնա այստեղ, իրեն չեն ընդունի»,- ասաց Հովհանես Հոսեփյանը:

Բնակիչները, որոնք եկել էին Սերժ Սարգսյանին հանդիպելու ակնկալիքով, սկզբում չհամաձայնեցին, բայց  ստիպված ընդունեցին Հովհաննես Հովսեփյանի առաջարկը եւ հեռացան:

Կես ժամից բնակիչները գնացին Բաղրամյան 26 եւ հանդիպեցին Հովհաննես Հովսեփյանի հետ:

«Ներկայացրեցինք մեր խնդիրը, մի ամիս խնդրեց, որպեսզի խնդրին ծանոթանա եւ մեզ պատասխան տա»,- պատմեց բնակիչներից մեկը: