Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց մահացած 14-ամյա Բերքին Էլվանի համար Թուրքիայի գրեթե 3 տասնյակի հասնող քաղաքներում ամբողջ գիշեր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մարտի 11-ի առավոտյան Բերքին Էլվանի մահվան լուրը առնելուն պես բողոքի ակցիաների դուրս եկած հազարավոր քաղաքացիներ գիշերը եւս շարունակել են բողոքի գործողությունները։

Բողոքի գործողություններն ուղեկցվել են ոստիկանության բիրտ հակազդեցությամբ, ինչը բախումների առիթ է դարձել բազմաթիվ քաղաքներում։ Առանձնապես խոշոր բախումներ են տեղի ունեցել Ստամբուլի տարբեր հատվածներում։