Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Սպիտակ քաղաքում կատարված ահասարսուռ դեպքից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր`  1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:

Անուշ Գ.-ն նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ»  բժշկական կենտրոն, նորածնի կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 9-ի գիշերը Սպիտակ քաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Մայրը փորձել էր երեխային խեղդել զուգարանակոնքի մեջ:

Սպիտակ քաղաքի մի 40-ամյա բնակչուհի տնային պայմաններում ծննդաբերել է եւ երեխային գցել զուգարանակոնքի մեջ, սակայն րոպեներ անց երեխային այդ վիճակում նկատել է նրա եղբոր կինը եւ միջոցներ ձեռնարկել երեխային փրկելու համար, ինչը հաջողվել է:

Կնոջ առողջական վիճակն էլ վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: