Ամենայն հավանականությամբ այս շաբաթվա ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները կհանդիպեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ հանդիպման հրավեր եղել է, բայց առայժմ օրը եւ «Ժառանգությունից» մասնակցողների կազմը հայտնի չէ, հավելյալ կտեղեկացնեն:
Արմեն Մարտիրոսյանը նորմալ տպավորություն է ստացել Գագիկ Ծառուկյան եւ ՀՅԴ ու ՀԱԿ հանդիպումներից: «Չեմ կարծում՝ ձեւականության համար հանդիպենք, ձեւականության համար չեն հանդիպում, մնացածը հետագա զարգացումները ցույց կտան: Հանդիպումների շարքը ավարտելուց հետո բոլոր ղեկավարների միասնական հանդիպման ժամանակը պետք է եկած լինի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ հարցեր են քննարկելու Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը, կուսակցության փոխնախագահն ասաց, որ իրենց օրակարրգը հստակ է, միշտ բարձրաձայանել են, որ Հայաստանում պետք է իշխանոփոխություն եւ արմատական բարեփոխումներ, այդ օրակարգի շրջանակում էլ կհամագործակցեն: «Քննարկումները ամեն ինչ ցույց կտան, թե ինչ հարցեր կբարձրացվեն, որտեղ հատման կետեր կլինեն: Միանշանակ է, որ երկրում ստեղծված վիճակը պահանջում է արմատական փոփոխություններ: Շատ լավ է որ ցանկանում են հանդիպել, մենք բաց ենք ցանկացածի հետ հանդիպման համար եւ միշտ էլ հայտարարել ենք՝ անհրաժեշտ է համախմբում եւ միասնականություն»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ի՝ իրեն այլընտրանք հռչակելու մեջ որեւէ խնդիր չկա, որի պատճառով երկրում առկա խնդիրների շուրջ նրանց հետ չհամագործակցեն:



























