ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին չի մտահոգում ոչ իշխանական ուժերի համագործակցությունը: Այդ մասին Այվազյանն լրագրողներին ասել է այսօր՝ մարտի 12-ին, խորհրդարանում:
Ըստ Այվազյանի՝ այսօր Հայաստանում կա խնդիր: «Դա մեր ազգաբնակչության սոցիալական, տնտեսական խնդիրներն են: Այսօրվա աշխարհաքաղաքական այս վերաբաժանման գործընթացում իրականացվող պրոցեսների մեջ Հայաստանի դերակատարման, դերի խնդիր կա, որ մենք լուրջ պրոցեսների առաջ ենք կանգնած, աշխարհում նոր վերաբաժանում է գնում, նոր ուժային կենտրոններ են լինում, տեսնում եք՝ ինչպիսի բաներ են: Այ էս մարտահրավերների հետ կապված դիմակայելու և դրանցից ավելի քիչ վնասով կամ կարելի ա ասել՝ անգամ օգուտով դուրս գալու խնդիր կա: Սա է մտահոգիչ, քան թե որևէ այլ բան»,- ասաց նա:
Այվազյանն ասաց, որ այսօր ինքը մտագոհված է այն մարդկանց խնդիրներով, ովքեր փողոց են դուրս գալիս: Խնդրի լուծումն, ըստ նրա, այն է, որ մարդիկ աշխատանք ու աշխատավարձ ունենան: Նա ասաց, որ չի մտածում, թե իշխանափոխություն կլինի ու ոչ իշխանական ուժերն այսօրվա պաշտոնյաներից հաշվեհարդար կտեսնեն: «Այսինքն՝ ո՞նց են հաշվեհարդար տեսնելու, կախելո՞ւ են, ուտելո՞ւ են, ի՞նչ են անելու: Ի՞նչ ենք արել, որ մեզ պատասխանատվության ենթարկեն, որ աշխատել ենք, դրա համա՞ր: Պատասխանատվությանը, որ նայենք, հլա շատ մարդ կա պատասխանատվության ենթարկելու՝ թե ըստեղ, թե ընդեղ: Իմ արած գործողությունների համար ես պատրաստ եմ ցակացածի առաջ կանգնել ու պատասխան տալ»,- ասաց նա: Տեղի ունեցող զարգացումներն, ըստ նրա, նորմալ քաղաքական գործընթացներ են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























