«Ռոսկոմնադզոր»-ը Lenta.ru-ին նախազգուշացում է ուղարկել ուկրաինական ազգայնական «Աջ հատված» շարժման առաջնորդներից Անդրեյ Տարասենկոյի հետ հարցազրույցի համար, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի հաղորդագրությունն ու նախազգուշացումը:
«Ռոսկոմնադզոր»-ը նշել է, որ Տարասենկոյի հետ հարցազրույցում, ինչպես նաեւ հղումով տրված «Դմիտրի Յարոշ. Վաղ թե ուշ մենք ստիպված ենք պատերազմել Մոսկվայի կայսրության հետ» նյութում «ազգային խտրականության տարրեր կան»:
Գերատեսչությունում նշել են, որ «ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկի ազգայնական կոչերի հրապարակումը ռուսական մի շարք օրենքներ է խախտում»:
Անդրեյ Տարասենկոյի հետ հարցազրույցը տպագրվել էր «Մենք Զինված ուժեր չենք» վերնագրով՝ մարտի 10-ին:
Ավելի ուշ «Ռոսկոմնադզոր»-ի նախազգուշական տեքստում մատնանշվել է, որ ծայրահեղական արտահայտությունները ոչ թե Տարասենկոյի հետ հարցազրույցում են, այլ «Դմիտրի Յարոշ. Վաղ թե ուշ մենք ստիպված ենք պատերազմել Մոսկվայի կայսրության հետ» նյութում: Գերատեսչության պահանջով հղումը հեռացվել է: Հարցազրույցը ընթերցելու համար հասանելի է:
Երկու նախազգուշացումից հետո գերատեսչությունը 12 ամսվա ընթացքում հայց է ներկայացնում դատարան՝ լրատվամիջոցի գրանցման գործողության դադարեցման մասին:
Հիշեցնենք, ՌՔԿ-ն գործ է հարուցել «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի համար:
Մոսկվայում հեռակա կարգով կալանավորել են ուկրաինական «Աջ հատվածի» առաջնորդին



























