Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը կկայանա այսօր՝ մարտի 13-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի ղեկավարությամբ: Առաջին դատական նիստը կայացել էր փետրվարի 1-ին: Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում միայն թմրամիջոցը ձեռք բերելու եւ օգտագործելու համար։

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2013թ. հոկտեմբերի 4-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում առանց իրացնելու նպատակի 106 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց գնելու համար, որից 7 գրամը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ եւ կուլ տվել, իսկ մնացածը պահել ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով անցկացրել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով։