Ինձ հայտնի չէ այն մասին, որ ՀՀԿ-ում սրտային հիվանդներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդի հանդիպումը ՀԱԿ ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ որոշ քաղաքական ուժերի մոտ առողջական խնդիրներ կառաջանան այս հանդիպումից հետո եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանական ուժերի համագործակցության արդյունքում իշխանության մոտ միկրոինֆարկտ կլինի՝ Բադեյանը ընդգծել է. «Ես անգամ չգիտեմ, երեւի նման բաներ կարող են ասել այլ ախտորոշմամբ մարդիկ: Ես այդ ուժերի համագործակցությունից իշխանափոխության վտանգ չեմ տեսնում: Այդ չորս ուժերը թվաքանակով զիջում են խորհրդարանում ՀՀԿ-ին»:

Ըստ Բադեյանի՝ բոլոր ժամանակներում էլ ցանկացած ընդդիմության նպատակն իշխանափոխությունն է ու դա նորություն չէ. «Այդ քայլով քաղաքական ուժերը որոնք իշխող կոալիցիայի մեջ չեն, պարզապես պաշտոն են ուզում, սակայն ՀՀԿ-ն մտադիր չէ նրանց ոչ մի պաշտոն տալ: Նրանք միշտ էլ դա են ուզել: ԲՀԿ-ն երբեւէ հայտարարե՞լ է իշխանափոխության մասին: Երբեք: Այդ լուսակցությունը չի ուզում ու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ նրանք շատ լավ գիտեն, թե դրան ինչ կհետեւի, դրա համար էլ չեն պահանջում: Ո՞ւմ են նրանք տեսնում նախագահի պաշտոնում: Ժողովուրդն այդ պաշտոնում տեսել է Սերժ Սարգսյանին, իսկ ո՞ւմ է տեսնում ԲՀԿ-ն»:

Ի պատասխան այն հարցին, արդյոք ինքն անհագստություն ունի, որ այդ չորս քաղաքական ուժերը փողոց դուրս կբերեն ժողովրդին, Բադեյանը նշել է. «Ես վախենում եմ, իսկ դուք չե՞ք վախենում, որ ՀՀԿ-ն փողոց դուրս գա»: