Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակության եւ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն:
Աշխատանքային խումբը, որը նախօրեին այցելություններ է կատարել ՀՀ պետական մարմիններ, Բյուրականի աստղադիտարան, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների եւ մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ, ամփոփեց արդյունքները:
Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է. «Համագործակցության լուրջ ներուժ կա Հայաստանի Հանրապետության եւ աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի` «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության միջեւ, որի հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իսկ վերազինվել է Բյուրականի աստղադիտարանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ֆինանսական եւ տեխնիկական աջակցության աշխատանքները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Բյուրականը բերել այն տեսքի եւ այն հնարավորությունների, որը կարող է աշխարհում ունենալ լուրջ դերակատարում տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` ըստ պայմանավորվածության տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կստեղծվի հայ-ռուսական ուսումնական եւ վերապատրաստման կենտրոն եւ արդեն իսկ թիրախավորվել են մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց իրավունք կտրվի մասնակցել «Ռոսկոսմոս» գործակալության պետական պատվերների ձեւավորման աշխատանքներին, այսինքն` հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրը ապացուցեց իր արդյունավետությունը եւ այդ փորձը կարող է կիրառելի լինել նաեւ այլ ձեռնարկությունների պարագայում եւս:
Իր խոսքի վերջում ԱԱԽ քարտուղարը նշել է, որ պայմանավորվածությունները բազմաթիվ են եւ վստահություն հայտնել, որ այս համագործակցությունը կտա լավ արդյունքներ:
Խորհրդակցության մասնակիցները եւս միակարծիք էին, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների եւ ճյուղային արտադրության զարգացման ոլորտում:
Երկուստեք հեռանկարային են գնահատվել համագործակցության հնարավորությունները: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
Ի լրումն. Արթուր Բաղդասարյանի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաեւ «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:



























