«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը տարաձայնություններ ունեն, որոնք արտահայտել են վարչության նիստում, ինչպես նաեւ հեռուստաեթերում:
Թեեւ Ռուբեն Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ որեւէ տարաձայնություն, որեւէ հարց չկա իր եւ Ստեփան Սաֆարյանի միջեւ, բայց «Ժառանգության» վարչության քարտուղարը ավելի անկեղծ գտնվեց եւ պատմեց, թե ինչ է եղել:
Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մի հաղորդման ժամանակ իրեն հարց է ուղղվել, թե ինչու «Ժառանգություն» խմբակցությունում ստացվեց այն, ինչ ստացվեց՝ նկատի ունենալով երկու տարվա կոնֆլիկտները, բաժանումները, տրոհումները: Այս հարցին ի պատասխան՝ «Ժառանգության» ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել եւ ասել, որ դա իրենց սխալի հետեւանքն է: «Հարց է ուղղվել, թե ինչպես կբնութագրեիք երկու խմբակցությունների գործունեությունը, ասել եմ, որ արդեն երկու տարի ժամանակ է անցել, իհարկե մեր հաջողության գաղտնիքը խորհրդարանում սա է եղել, ցավոք ներկայոմս ոչ միայն մեր, այլեւ մյուս խմբակցությունները չեն անում այն, ինչ մենք անում էինք նախկինում, այսինքն՝ հանրային քաղաքականության կամրջով իշխանության համար պայքարին: Դա ակնհայտորեն չի հավանել Ռուբեն Հակոբյանը եւ դժգոհություն է հայտնել հեռուստաեթերում»,-նշեց «Ժառանգության» վարչության քարտուղարը:
Նրա խոսքով՝ այնուհետեւ Ռուբեն Հակոբյանին հարց էին ուղղել իր մասով, եւ նա հիշել էր, որ «եթերում նման բան եմ ասել եւ հենց այդ պահին հիշատակել էր, որ բացի այն, ինչ-որ պահանջել եմ, որ «Բարգավաճը» եւ մնացածը մեր վերաբերյալ չօգտագործեն ոչ իշխանական բառը, հիշել էր նաեւ դա, ընդամենը այդքանը, առանձնապես ոչ մի սարսափելի բան չկա»:
Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, որ վարչության նիստում էլ են խոսել այդ թեմայով, ինքը խնդրել է ցույց տալ այն, ինչը Ռուբեն Հակոբյանը չի հավանել, ինչի հետ հարց ունի եւ այլն: Այս ամենին տեղյակ է նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն թե նա ում կողմից է, չկարողացանք պարզել. «Մենք քննարկել ենք վարչության նիստում շատ հանգիստ, առարկայական, կոնկրետ մտքերով: Մենք համարել ենք դա փակված, ամեն մեկը մնացել է իր տեսակետին, իր ճշմարտությանը, բոլորը լսում էին, ես ու ինքը փաստարկում էինք մեր տեսակետները: Մեր հարաբերություններն էլ շատ նորմալ են, երկուսս էլ որոշակի ճանապարհ անցած քաղաքական գործիչներ ենք եւ չեմ կարծում, որ նման փաստի պատճառով պետք է մեր հարաբերությունները խզվեին»,- ասաց «Ժառանգության» վարչության անդամը:



























