Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները բացահայտ անտարբեր են նորարարական առաջարկների նկատմամբ: Այս մասին ապրիլի 23-ին ՀՀ գիտություների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ վերջին 2-3 տարիներին ցանկություն չի ունեցել դիմել իրենց՝ գիտության ոլորտում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար:

«Այս պարագայում այն արդյունքները, որոնք ստացվել են, ոչ միայն պետք է կիրառվեն Հայաստանի տնտեսությունում, այլ արտահանվեն միջազգային շուկա և ներկայացվեն նրանց, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում դրանց նկատմամբ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ առայժմ Հայաստանում միայն Երևանի ոսկերչական գործարանն է համագործակցում իրենց հետ:

Ըստ Մարտիրոսյանի՝ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ և հարկային արտոնություններ տալ գիտության ու մշակույթի ոլորտներում ծախսեր կատարող բիզնեսմեններին:

Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորման 70 տոկոսն ուղղվում է աշխատավարձերի վճարմանը, և գիտական հետազոտություններին չնչին գումար է բաժին ընկնում: Այնինչ շատ երկրներում ոլորտի բյուջեի առնվազն 50-55 տոկոսն է ուղղվում գիտական աշխատանքների կատարմանը: