Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքների ու նախորդ տարիներին ոլորտում գրանցած ձեռքբերումների կապակցությամբ, Տարոն Մարգարյանն, այդուամենայնիվ, ընդգծել է, որ 2014թ. պետք է կրկնապատկվեն կատարած աշխատանքների ծավալները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքն, իհարկե, ակնհայտ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղածով ու նույն եռանդով շարունակել աշխատանքները նաեւ այս տարի: Մեր եւ մեր համաքաղաքացիների ցանկությունը երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երեւանը վերականգնելն է, ու մենք պարտավոր ենք արդարացնել նրանց սպասելիքները: Ըստ այդմ, մենք պետք է չբավարարվենք ձեռք բերածով եւ համատեղ թիմային աշխատանքի արդյունքում պետք է կրկնապատկենք ծավալներն ու, դրան զուգահեռ, նաեւ հետեւողական աշխատանքներ տանենք արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ սրտացավ աշխատանքով մենք անպայման կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության մասնակիցներին քաղաքապետը հանձնարարել է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաեւ Երեւան քաղաքի գլխավոր դիզայների հետ, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ցուցաբերվի միասնական մոտեցում: Համակարգված եւ մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հանձնարարվել է նաեւ հաշվի առնել Երեւանի բնակլիմայական պայմանները, տեղանքը եւ անհրաժեշտ այլ գործոններ. «Մայրաքաղաքում կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու հարցում առանձնակի ուշադրություն դարձրեք ծառատեսակներին ու ծաղկատեսակներին: Դրանք պետք է համապատասխանեն մեր բնակլիմայական պայմաններին, որպեսզի արդյունքն էլ լինի տեսանելի: Բացի այդ, հետեւողական եղեք նաեւ ծառերի էտման հարցում, որի շրջանակում եւս, վստահ եմ, հնարավոր է կիրառել ձեւավորման նոր մոտեցումներ, ինչն իր հերթին եւս մայրաքաղաքին կհաղորդի առավել խնամված տեսք»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով Երեւանի ավագանու որոշմամբ հաստատված պարտադիր բարեկարգման նորմերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մայրաքաղաքի կանաչապատման գործում ապահովել նաեւ տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: Օբյեկտների հարակից տարածքների կանաչապատման մասով, քաղաքապետը մասնագետներին հանձնարարել է համագործակցել տնտեսվարողների հետ եւ խորհրդատվություն տրամադրել բուսատեսակների ընտրության հարցում:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, բնապահպանական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընդլայնել Երեւանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու ուղղությամբ տարվող համալիր աշխատանքների ծավալները: Բացի այդ, քաղաքապետը նաեւ հանձնարարել է խստորեն վերահսկել ապօրինի ծառահատումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու խախտողների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ պատժամիջոցները:

Քաղաքապետը հորդորել է նաեւ պատշաճ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի այգիների եւ պուրակների սանմաքրման աշխատանքներին ու մշտական հսկողության տակ պահել ոռոգման համակարգի անցկացման գործընթացը:

Հանդիպման շրջանակում ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է 2014թ. ծրագրով նախատեսված կանաչապատման գործընթացը: Ըստ այդմ, ընթացքի մեջ են ծառերի էտման ու սիզամարգերի թարմացման աշխատանքները: Զեկուցվել է նաեւ, որ արդեն առաջիկա օրերին երեւանցիները հնարավորություն կունենան վայելելու շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկունքը: