Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Սոս Շ.-ն մեղադրվում է մոր առանձնատունը դիտավորյալ հրկիզելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 15-ին ժամը 21:00-ի սահմաններում: Սոսը, իմանալով, որ 10 մլն արժողությամբ առանձնատունը փաստաթղթերով պատկանում է մորը՝ Ռիմա Շ.-ին, վիճել է նրա հետ: Վիճաբանության ընթացքում Սոսը որոշել է դիտավորյալ հրկիզել ողջ գույքը: Վերջինս լուցկիով վառել է տան բազմոցի ծածկոցները, պահարանի մեջ կախված հագուստները, որի հետեւանքով վնասվել է Ռիմա Շ.-ի առանձնատունը: Սոսը սակայն իր նպատակին չի հասել, քանի որ մոր ահազանգով ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են մարել կրակը: Ռիմա Շ.-ին պատճառվել է ավելի քան 2 մլն դրամ գույքային վնաս:

Սոս Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի եւ185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 19-ին: