Արմավիր քաղաքի 26-ամյա բնակիչ Արամայիս Ն.-ն մեղադրվում է մորաքրոջ տղային՝ Ռուդիկ Հ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 8-ին, ժամը 18:00-ի սահմաններում: Արամայիսը եղբոր՝ Անդրանիկի հետ գնացել է Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղ՝ իրենց մորաքույր Ոսկեհատ Քեփիկյանի բնակարան, որտեղ տան բակում շարունակել են նույն օրն առավոտյան իրենց մորաքրոջ որդիներ Ռուդիկ եւ Ռոման Հ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը: Վեճի ընթացքում Արամայիսը դիտավորյալ ձեռքերով հարվածներ է հասցրել Ռուդիկի դեմքին եւ մարմնի տարբեր մասերին:

Արամայիս Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատկիցի հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 18-ին: