Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հավատարիմ է իր խոստմանը եւ ընդհանրապես հարցազրույցներ չի տալիս: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան պարզելու, թե արդյոք արդարացի է համարում իր փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելը:

«Էդ հարցերով ինձ մի դիմեք, ես ընդհանրապես հարցազրույց չեմ տալիս»,- նշեց նա: Հարցին, թե արդարացի է համարում վճիռը, երբ իր փեսային սպանել էին, սրտացավ ելույթ էր ունենում, ինչն է պատճառը, որ այժմ կարծիք չի հայտնում, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Իսկ դու ի՞նչ ձեւի ես գտնում, քեզ հարց եմ տալիս, կոնկրետ դու արդարացի ես գտնո՞ւմ, քո կարծիքն ասա, ես իմը ասեմ: Հաջողություն, ձեր աֆերիստություններով մյուս անգամ ինձ բան չանեք»,- ասաց Գյումրիի նախկին քաղաքապետը եւ անմիջապես անջատեց հեռախոսը:

Նշենք, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը: