ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանում անցկացվեցին հասարակական լսումներ՝ ձեռնարկության արդյունաբերական թափոնների պահման տեղամասի նախագծի վերաբերյալ: Ձեռնարկության մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջազգային ստանդարտներին համապատասխան մշակված նախագիծը արժանացել է շահագրգիռ կողմերի հավանությանը եւ փոխանցվել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ համաձայնեցմանը:

3300 ք.մ մակերեսով տեղամասը գտնվում է ԱՐՄԵՆԱԼ-ի տարածքում: Այստեղ 10 տարիների ընթացքում կարող են առանձին պահվել փայլաթիթեղագլանման արտադրության թափոնները, որոնցում չեն օգտագործվում թունավոր նյութեր: Տեղամասը պարսպատվելու է մինչեւ 3 մ բարձրությամբ բետոնե պատերով, ինչը առավելագույն չափով կնվազեցնի թափոնների փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ: Այդ նպատակին է ծառայում նաեւ տեղամասի հոսքաջրերի հեռացման համակարգով հագեցած ասֆալտե հատակը: 

Նախագիծը մշակված է «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից եւ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջներին: Նախագծի հեղինակները նախատեսել են, որ հետագայում ԱՐՄԵՆԱԼ-ի արդյունաբերական թափոնները հեռացվելու են հանրապետական մասնագիտացված պոլիգոն՝ վերամշակման եւ օգտահանման համար: