Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի 48-ամյա բնակիչ Սպարտակ Ս.-ն մեղադրվում է նույն գյուղի բնակիչ Էդիկ Ս.-ին դանակով հարվածելու մեջ, իսկ Գեւորգ Պ.-ն Սպարտակ Ս.-ին սպանելու փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 23-ին ժամը 21:30-ի սահմաններում: Սպարտակ Ս.-ն Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում գտնվող անասնագոմի տնակում հաց է կերել անասնապահներ Գեւորգ Պ.-ի եւ Էդիկ Ս.-ի հետ, որի ընթացքում օգտագործել են 2 շիշ օղի: Այս ընթացքում նրանց մեջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Սպարտակը տնակի սեղանից վերցրել է խոհանոցային դանակ եւ հարվածել Էդիկ Ս.-ին՝ դիտավորությամբ նրա առողջությանը ատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Անասնապահ Գեւորգը, տեսնելով դանակահարված ընկերոջը, դիտավորությամբ փորձել է կյանքից զրկել Սպարտակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում մինչեւ վերջ չի հասցրել այն:

Սպարտակ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով: Գեւորգ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի եւ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով: Սպարտակ Ս.-ն եւ Գեւորգ Պ.-ն կալանավորված են:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 17-ին: