Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում Շամլյանների անվան հայկական դպրոցի ղեկավարությունը ձգտում է ավելացնել աշակերտների թիվը՝ 500-ից հասցնելով 700-ի, գրում է «Glendale News-Press»-ը:

Հողօգտագործման հարցերով խորհրդական Ռոդնի հանը դպրոցի անունից փաստաթղթեր է ներկայացրել քաղաքապետարանի պլանային բաժին՝ խնդրելով փոխել աշակերտների լիմիտը: Նա ասել է, որ դպրոցում բավական տեղ կա, որ 30 դասասենյակներից միայն 24-ն է օգտագործվում՝ մանկապարտեզի մակարդակից մինչեւ 8-րդ դասարան: «Նրանք երկար տարիներ հերթ են կանգնում, սակայն աշակերտների լիմիտը թույլ չէր տալիս լրացուցիչ երեխաների ընդունել դպրոց»,-ասել է Հանը:

Քաղաքապետարանի պլանային բաժնի աշխատակից Ռոջեր Քիզելը նշել է, որ երբ հավանություն է տրվել դպրոցի սպորտային դահլիճի շինարարությանը, աշակերտների լիմիտի պայման է դրվել: Հիմա՝ սպորտդահլիճի բացմումից մի քանի շաբաթ առաջ, դպրոցի տնօրեն Վազգեն Մադենլյանն ասել է, որ դպրոցի ղեկավարությունը «ժամկետները շատ լավ է համարում», որպեսզի դպրոցականների լիմիտի փոփոխության հայտ ներկայացնի: Այդ առաջարկը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում: