Մաքսային միությանն անդամակցելու Երեւանի՝ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի որոշումից հետո Հայաստանը ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրից հրաժարվեց, սակայն դա ազդել է միայն տնտեսական համագործակցության վրա: Մինչ այդ, այն չի անդրադարձել համագործակցության մյուս ոլորտների վրա: Այս մասին մարտի 12-ին խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին:
Նախարարի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի մշակվի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ձեւաչափ՝ կապված ազատ առեւտրային ոլորտի հետ. «Մյուս ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության, համագործակցությունը շարունակվում է եւ դրա վկայությունն է մարդու իրավունքների, անվտանգության ու արդարության հարցերով ԵՄ ենթահանձնաժողովի նիստը, որը կկայանա մարտի 29-ին Երեւանում»:
Թովմասյանը նաեւ հաղորդել է, որ մինչեւ սեպտեմբերի 3-ը Հայաստանն ու ԵՄ-ն բանակցում էին 20 մլն եվրոյի տրամադրման հարցի շուրջ՝ արդարադատության ոլորտում որպես բյուջետային աջակցություն, հետո էլ ստորագրվեց այդ ոլորտում ծրագրի իրականացման համաձայնագիր՝ 28 մլն եվրոյի. «Համագործակցությունը շարունակվում է, ինչը վկայում է այն մասին, որ այս ոլորտում բարեփոխումներն ու ծրագրերը կշարունակվեն՝ անկախ Հայաստանի քաղաքական կուրսից»:



























