ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի կառավարության որոշումը:
Խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Ողջունում ենք Շվեյցարիայի կառավարության որոշումը՝ բողոքարկելու ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը. փաստորեն, այս քայլով Շվեյցարիան իր օրէնսդրությունը պաշտպանելու ճիգ է գործադրում, միաժամանակ՝ ընդառաջում է համայն հայության ակնկալիքին՝ դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելով՝ ՄԻԵԴ-ի որոշման մեջ Հայոց Ցեղասպանության վերաբերող խնդրահարույց հաստատումները սրբագրելու հնարավորություն ստեղծելով։
Անշուշտ, այս գործընթացը տակավին մի քանի հանգրվաններ ունի, որոնցից առաջինը պիտի լինի ՄԻԵԴ-ի Մեծ Պալատի կողմից Շվեյցարիայի բողոքն ընդունել կամ չընդունելու որոշումը։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուրեք, հայության տարբեր հատվածները ներկայացնող այլ կառույցների հետ, դիմել էին Շվեյցարիայի իշխանություններին՝ նման որոշում կայացնելու համար։ Այժմ, Հայ Դատի հանձնախմբերը իրենց աշխատանքները պիտի կենտրոնացնեն հաջորդ հանգրվանները եւս արդյունավետ անցնելուվրա։ Այս այն խնդիրն է, որ կպահանջի համազգային համախոհություն եւ հնարավորություններու լարում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։ Ցանկալի արդյունքը՝ ՄԻԵԴ-ի որոշումիվ Հայոց Ցեղասպանության վերաբերող խնդրահարույց հաստատումների սրբագրությունն է»։
Նշենք, որ Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճիռը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին «Արմենպրեսին» հայտնել է, թե Շվեյցարիան պահանջելու է, որ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղի մինչեւ մարտի 17-ը:



























