Ուկրաինայում «պլան Բ» են պատրաստել այն դեպքի համար, եթե Ռուսաստանը բաց ռազմական ագրեսիայի դիմի: Այս մասին բրիֆինգում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Անդրեյ Պարուբին:
Հարցին, թե ԱԱՊԽ-ն Ղրիմի բնակչության տարհանման ծրագիր մշակո՞ւմ է, ռուսական կողմից հնարավոր իրական ռազմական գործողությունների դեպքում, Պարուբին պատասխանել է. «Իհարկե, մենք ունենք «պլան Բ»: Մանրամասներ ես չեմ կարող ասել, բայց այդ պլանը մանրամասն մշակվել է եւ շատ արագ կիրագործվի: Ես շատ բան ասել չեմ կարող, բայց կասեմ, որ մեր ստորաբաժանումները այնպես են դասավորված, որ մենք կարողանանք հետ մղել գրոհները ցանկացած ուղղությամբ»:
Պարուբին հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունը տեղեկություններ ունի, որ ռուսական զորքը կենտրոնացած է Ուկրաինայի ողջ սահմանի երկայնքով: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր զորավարժությունների անցկացման մասին, իսկ հետո նշել, որ 5 օր անց զորքերը պետք է հետ քաշվեին ռուս-ուկրաինական սահմանից: «Բայց այսօրվա դրությամբ ռուսական զորքերը ոչ միայն հետ չեն քաշվել, այլեւ հակառակը, ռազմական պոտենցիալ է կուտակվում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող խմբավորումներում»,-ասել է Պարուբին:
«Ցավոք, իրավիճակը կրիտիկական է ոչ միայն Ղրիմում , այլեւ ողջ հյուսիս արեւելյան սահմանին: Իրականում ռուսական զորքերի ստորաբաժանումները գտնվում են Կիեւից մի քանի ժամվա հեռավորության վրա»,-ընդգծել է նա, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Նրա խոսքով՝ անջատողականության տեսանկյունից առավել ռիսկային են մնում Լուգանսկը, Դոնեցկը եւ Խերսոնը, հակառակորդը մեծ հույսեր ունի նաեւ Օդեսայի հետ կապված:



























